ժողովրդավար Արցախը չի կարող լինել բռնապետական Ադրբեջանի կազմում: Այս պնդմամբ տարիներ շարունակ հանդես են եկել հայկական կողմերը՝ հակադարձելով Արցախն Ադրբեջանի կազմում լայն իրավասություններով ընդգրկելու ադրբեջանական «առաջարկներին»: Օրեր առաջ Արցախում դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի ազատ արձակման փաստը հերթական անգամ ապացուցեց այս պնդման իրավացիությունը: Հուսենյզադեն, ով երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել Արցախի սահմանն ապօրինի հատելու համար, արդեն տեղափոխվել է երրորդ երկիր՝ հրաժարվելով վերադառնալ Ադրբեջան:
Արցախի իշխանություններն այս քայլով ցույց տվեցին, որ Արցախում առաջնորդվում են օրենքի գերակայությամբ և հետևողական են միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման հարցում: Ճիշտ հակառակ պատկերն է Ադրբեջանում:
Ադրբեջանական իշխանությունները, միջազգային հետախուզում հայտարարելով Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ, հերթական անգամ ցույց տվեցին, որ չեն հարգում միջազգային իրավունքը, այս դեպքում՝ միջազգային մարդասիրական իրավունքը:
Ադրբեջանում շարունակում են պնդել նաև գերիների փոխանակման՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքի կիրառման վրա, ինչն արդեն մերժել է պաշտոնական Ստեփանակերտը՝ հիմնավորելով, որ անթույլատրելի է նույն հարթության մեջ դիտարկել հայկական կողմում լուրջ հանցագործություններ կատարած ադրբեջանցիներին և պատահաբար սահմանը հատած ու Ադրբեջանում հայտնված հայ գերիներին:
Ինչ վերաբերում է կոնկրետ Հուսեյնզադեին Ադրբեջանում գտնվող որևէ հայ գերու հետ փոխանակելու հարցին, ապա այստեղ Արցախի իշխանություններն առաջնորդվել են բացառապես միջազգային իրավունքի նորմերով: Հուսեյնզադեն ուներ ընտրության հնարավորություն և ազատ արձակվելուց հետո նախընտրեց տեղափոխվել երրորդ երկիր, ինչին որևէ կերպ չխոչընդոտեցին Արցախում:
Չճանաչված և դե յուրե միջազգային պարտավորություններ չունեցող Արցախն այսօր դրսևորում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային իրավունքի նորմերի հետևողական կիրառման լավագույն օրինակ: Այս ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ անթույլատրելի է խոսել Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու որևէ սցենարի մասին՝ անկախ լիազորությունների ու ինքնիշխանության չափերից ու տեսակներից: