Իրաքի խորհրդարանի առաջիկա նիստում քվեարկության կդրվի ԱՄՆ հետ անվտանգության համաձայնագիրը չեղարկելու մասին օրինագիծ: Բաղդադին նման նախաձեռնությամբ հանդես գալու է դրդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հայտարարել էր, որ ամերիկյան զորքերն Իրաքում մնում են Իրանին հետևելու համար:
Սա լուրջ դժգոհություններ է առաջացել Իրաքի իշխանությունների մոտ. ընդ որում, Թրամփի հայտարարությունը քննադատում են թե´ իշխանությունների, թե´ ընդդիմության ներկայացուցիչները` ընդգծելով, որ դա Իրաքի ինքնիշխանության և Սահմանադրության կոպիտ խախտում է:
Սա առաջին տարաձայնությունը չէ Իրաքի իշխանությունների և ԱՄՆ-ի միջև` կապված Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության հետ. Բաղդադում լուրջ վրդովմունք էր առաջացրել 2018 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չհայտարարված այցն Իրաքի «Այն ալ-Ասադ» ավիաբազա:
Իրաքում հասարակության մի ստվար մասը պահանջում է ամերիկյան զորքերի դուրսբերում երկրից, 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություններն էլ աչքի չեն ընկնում իրենց ամերիկամետությամբ: Սակայն հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, փոքր է. թեև հայտարարվել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին, սակայն Բաղդադում հասկանում են, որ ահաբեկչության սպառնալիքը երկրի համար շարունակում է բարձր մնալ, և սեփական ուժերով դրան դիմագրավելն այս պահի դրությամբ այդքան էլ իրատեսական չէ:
Թրամփի հայտարարությանն Իրաքի իշխանությունների նման արձագանքը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնի համար Իրաքում գործելն այլևս այդքան էլ հեշտ չի լինելու: Սակայն սա չի նշանակում, որ Թեհրանն Իրաքում գործելու քարտ-բլանշ է ստանում. Իրաքի իշխանությունները հետաքրքրված չեն երկրում իրանական ազդեցության մեծացմամբ: Բացի այդ, և´ Բաղդադում, և´ Թեհրանում հասկանում են, որ Վաշինգտոնը հանգիստ չի նայելու Իրաքում իրանական ազդեցության աճին և դրա դեմ քայլեր է ձեռնարկելու: Ուստի, Իրաքի իշխանություններին անհրաժեշտ է բավականին զգուշավոր և հավասարակշռված քաղաքականություն վարել` երկիրն Իրան-ԱՄՆ հակասությունների թատերաբեմի չվերածելու համար: