Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարեց ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հռչակելու մասին։
Մակրոնը նաև ընդգծեց, որ Ֆրանիսան շարունակելու է աշխատանքները՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար և անձամբ ինքը փորձելու է այս հարցով երկխոսություն սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Առաջին հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ այս քայլով Ֆրանսիան դառնում է Հայաստանից հետո առաջին պետությունը, որն այսուհետ Ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օր է ունենալու: Երկրորդ հայտարարությամբ Ֆրանսիան ցույց է տալիս, որ շարունակելու է հետևողականորեն պայքարել մարդկության հանդեպ իրականացված ոճրագործությունների և դրանց ժխտման ցանկացած դրսևորման դեմ: Սակայն ինչ վերաբերվում է Թուրքիայի նախագահի հետ երկխոսություն ծավալելուն (քայլ որ որևէ այլ պետության օրակարգում ներկայումս չկա), ապա առնվազն այսօր դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է թվում։
ժխտողականության քաղաքականություն որդեգրած Թուրքիայի իշխանություներն արդեն իսկ խստորեն դատապարտել են Ֆրանսիայում ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու մասին որոշումը` կրկին առաջ քաշելով օսմանյան մաքրազերծված արխիվները բացելու և պատմաբանների համատեղ հանձնաժողով հիմնելու Էրդողանի անհիմն առաջարկությունները և դրանից հրաժարվողներին մեղադրելով պատմական դեպքերը շահարկելու փորձի մեջ: (Նշենք, որ հայկական կողմը բազմիցս է նշել, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերն իրողություն են և չեն կարող քննարկման առարկա դառնալ պատմաբանների կողմից):
Եվ չնայած նրան, որ Մակրոնն իր խոսքում նաև հստակ ընդծեց, որ «Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ», այդուհանդերձ նշենք, որ Ցեղասպանության մասին հիշատակելը հուզումների ալիք է բարձրացրել Թուրքիայում: Ասվածի վառ օրինակ է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի քննադատությունն առ այն, որ «անցյալում եղած ցավալի իրադարձությունները քաղաքական հաշիվների մեջ օգտագործելը երկու հասարակությունների միջև կամուրջ գցելուն չի օգնի»: Ավելին, Թուրքիայի ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավարն ավելի հեռուն գնալով նախօրեին կոչ արեց Հայաստանի քաղաքացի 100 հազար անօրինական ներգաղթյալներին արտաքսել Թուրքիայից։
Կարելի է փաստել, որ Թուրքիայում դեռևս չկա այնպիսի քաղաքական ուժ, որը պատրաստ կլինի երկխոսություն ծավալել Ցեղասպանությունը ճանաչելու շուրջ: Ավելին, այսօր Թուրքիայում պետական մակարդակով մեծ ռեսուրսներ են հատկացվում տարբեր օտարեկրյա կազմակերպություններին` Հայոց ցեղասպանության փաստերն աղավաղելու և այլ լույսի ներքո ներկայացնելու համար: