Luxury Launches կայքն անդրադարձել է հայ ոսկերիչներին` մասնավորապես ներկայացնելով նրանցից մեկի՝ սուլթան Մահմուդ I-ի համար ոսկուց և արծաթից պատրաստված բացառիկ հրացանը, որը զարդարված է ադամանդներով և զմրուխտներով:
«Թեև աշխարհում քչերին է հայտնի, սակայն Հայաստանը բարձրակարգ ոսկերիչների երկիր է, որոնցից մի քանիսի արմատները դարերի պատմություն ունեն: Նրանց ստեղծած արվեստի գործերը բարձր են գնահատվում (սկսած Օսմանյան կայսրության դարաշրջանից), և եթե հավատանք արձանագրություններին, ապա հայերն աշխարհում առաջինն են մշակել մետաղն ու այն նախշազարդել: Դրա վառ ապացույցը Մահմուդ I-ի համար պատրաստված հրացանն է»,-գրում է աղբյուրը` հստակեցնելով, որ բացառիկ նմուշի հեղինակը սուլթանի քրիստոնյա ոսկերիչ Հովհաննես Աղա Դյուզն է:
Հրացանը Մահմուդի համար ծառայել է որպես արարողակարգային օբյեկտ: Ոսկերչի վարպետության շնորհիվ հնարավոր է դարձել հրացանի մեջ տեղավորել նաև գրելու հարմարանքներ, ինչպես նաև ոչ պակաս ճոխ դաշույն:
«Հայազգի ոսկերիչներն Օսմանյան կայսրության ժամանակահատավածում համարվել են աշխարհում լավագույնը: Նրանք ոսկյա և արծաթյա իրեր պատրաստելուց բացի զբաղվել են նաև զենք-զրահի, ծիսական իրերի զարդարմամբ, թանկարժեք քարերի փայլեցմամբ: Եվ տեսնելով սուլթան Մահմուդ I-ի համար պատրաստված հիանալի հրացանը՝ իրոք չենք կարող չհամաձայնել, որ հայերը մեծ ճաշակ ունեն այս հարցում»,- գրում է աղբյուրը: