Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շքեղ ավտոբուս է նվեր ստացել «BMC» ընկերության կողմից: Ընկերության բաժնեմասերի 49.9 տոկոսը պատկանում է Կատարի զինված ուժերին, մնացած 50 տոկոսն իրար մեջ կիսում են 2 թուրք գործարար ընտանիքներ, փոխանցում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ Էրդողանն անձամբ է ծանոթացել նախագահական պալատ բերված և նախագահականի գերբը կրող ավտոբուսի առանձնահատկություններին: Ավտոբուսի հանձնման արարողությանը մասնակցել են ընկերության կառավարման խորհրդի անդամները:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին շուրջ 400 մլն դոլար արժողությամբ Boeing-747-8 տեսակի օդանավ էր նվիրել Էրդողանին: