Տարբեր երկրների խոհանոցների մի շարք ուտեստներ այսօր այնքան մեծ ճանաչում ունեն աշխարհում, որ կարծես դարձել են տվյալ երկրի այցեքարտը: Հայաստանը խոհանոցային բաղադրատոմսերի բազմազանությամբ ու յուրահատկություններով չի զիջում աշխարհում հայտնի խոհարարական մշակույթին: Մինչդեռ ավանդական հայկական բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլև հենց մեզ, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի:
Ժողովրդի շրջանում մեծ տարածում գտած եկեղեցական տոներից մեկը` Բուն բարեկանդանը, ինչպես հնում, այնպես էլ այսօր ընդունված է տոնել մեծ շուքով, քանի որ խրախճանքին, խինդ ու պարին և առատ սեղաններին հաջորդում է Մեծ պահքի տևական շրջանը: Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Հաշվի առնելով, որ մարտի 3-ից Հայ առաքելական եկեղեցում սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որի ժամանակ հաճախ դժվար է կողմնորոշվել ինչ պատրաստել, առաջարկում ենք հին հայկական ավանդական Մշոշ ճաշատեսակի բաղադրությունը:
Հայկական Մշոշ
Կերակրատեսակի անվանումն արդեն խոսում է դրա ծագման վայրի մասին: Հայկական խոհանոցի ավանդական այս կերակրատեսակը պատրաստվել է հիմնականում Արևմտյան Հայաստանում: Անվանումն առաջացել է մըշմոշ՝ ծիրան բառից:
Ինչպես շատ հայկական ուտեստներ, մշոշի պատրաստման ձևը բավականին հեշտ ու մատչելի է, միևնույն ժամանակ, բավական համեղ:
Անհրաժեշտ է ունենալ ոսպ, ընկույզ, ծիրանաչիր, սոխ, ձիթայուղ:
Պատրաստման եղանակը
Ոսպը թրջել ու թողնել մի քանի ժամ: Այնուհետև այն եփել, տրորել ու վրան լցնել սոխառածն ու ծիրանի լվացված չիրը: Խառնուրդը թույլ կրակի վրա եփել մինչև 15 րոպե: Պատրաստելուց հետո վրան ավելացնել համեմունքներ (հիմնականում սև պղպեղ) և մաղադանոս:
Խոհանոցը ցանկացած ժողովրդի ավանդույթների արտացոլումն է, ուստի այն կարող է շատ բազմազան լինել` պայմանավորված տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական խոհանոցը ևս իր վրա կրում է այս գործոնների ազդեցությունը: