Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» հայկական հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան նախօրեին՝ Թբիլիսիում ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիայի, որի մասնակիցները պահանջում էին ապամոնտաժել Ախլքալաքի Բուգաշեն գյուղում տեղադրված Ղարաբաղյան պատերազմի մասնակից Միխայիլ Ավագյանի հուշարձանը, հայտնում է РУСАРМИНФО-ն:
«Վերջին շրջանում ադրբեջանական համայնքը մեծ աղմուկ է բարձրացրել Միխայիլ Ավագյանի հուշարձանի տեղադրման կապակցությամբ: Եթե այդ գյուղի բնակչի հուշարձանի տեղադրումը կարող է այդքան մեծ աղմուկ բարձրացնել, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Լեջբադին գյուղում (Մարնեուլ) Ադրբեջանի ազգային հերոս, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ջալիլ Սաֆարովի հուշարձանը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հայտարարությունում խիստ քննադատության է ենթարկվում նաև ադրբեջանական աղբյուրներում կեղծ տեղեկության տարածումը, որ իբր Միխայիլ Ավագյանն Աբխազիայի պատերազմի ժամանակ կռվել է Վրաստանի դեմ: