Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 90-ամյակը: Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին: 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան:
Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր: Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ-ում և աշխարհում :
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի: Նա հայաստանցի միակ մարդն է, ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն/օղակներ, զուգափայտ, պտտաձող մրցաձևերում: Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի միակ հայ մարզիկն է , ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :
Մեր ժողովուրդն այսօր տոնում է հանճարեղ մարմնամարզիկի 90 –ամյակը :
Ազարյանական լեգենդը ճյուղավորվել, տարածվել է աշխարհով մեկ: Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում:
Նրա ստեղծած ընտանիքը երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը : Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանին, ով նույնպես սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ է և Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ , ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին: Այդ ամենով հանդերձ նա երբևիցե չի տառապել աստղային հիվանդությամբ ու մնացել է նույն համեստ , հասարակ հայ մարդը :
Հենց այս հատկանիշներով է մշտապես վեր բարձրացել մեր հոբելյարը, որի համար կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն լինելն է, փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը, առնական տղամարդ ու հայ քաջարի զինվոր դարձնելը:
«Արմեդիա» ՏՎԳ-ն շնորհավորում է Հայաստանի 20–րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան օրվա կապացությամբ: Մաղթում ենք քաջառողջություն, երկարակեցություն, երջանկություն և դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ: