ԱՄՆ Մինեսոտա նահանգի դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուշարը կիրակի հայտարարել է 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Այսօր ամենակարող Միսիսիպի գետի ափին… Ես հանքագործի թոռնուհիս, ուսուցչուհու և մամուլի աշխատողի դուստրը, ինչպես նաև Մինեսոտայի նահանգից Սենատ ընտրված առաջին կինը… իմ թեկնածությունն եմ առաջադրում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Միննեապոլիս քաղաքում (Մինեսոտայի նահանգ) կայացած հանրահավաքում:
Նրա խոսքից մեջբերում Է արել CNN հեռուստաընկերությունը: 2006 թվականին Քլոբուշարը դարձել Է Մինեսոտայից ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում ընտրված առաջին կինը և պաշտոնն ստանձնել Է 2007 թվականի հունվարի սկզբին: Նա 2012 թվականին զգալի գերակշռությամբ հաղթել Է հանրապետական Քուրթ Բիլսին և Սենատում վերընտրվել երկրորդ ժամկետով: Փետրվարի 9-ին Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը իր թեկնածությունն Է առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու համար: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաև ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Վերմոնտի նահանգից 77-ամյա սենատոր Բեռնի Սանդերսին, որը Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել Է Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին և Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին: Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին:
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը: Համագումարն իրենց մոտ ընդունելու իրավունքին հավակնում են Մայամի Բիչը (Ֆլորիդայի նահանգ), Միլուոքին (Վիսկոնսինի նահանգ) և Հյուսթոնը (Տեխասի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: