Չինաստանը զզվելի է անվանել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ ույղուրների «համակենտրոնացման ճամբարներ» գոյություն ունեն և արդեն բողոք է ներկայացրել թուրքական կողմին: Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք ուշադրություն ենք դարձրել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։ Դա չափազանց զզվելի է։ Մենք արդեն բողոք ենք ներկայացրել թուրքական կողմին»,- ճեպազրույցում ասել է Հուա Չունյինը։
2018 թվականի օգոստոսին ՄԱԿ ռասայական խտրականության վերացման կոմիտեի փորձագետները հրապարակված զեկույցում տեղեկացրել էին, որ մեկ միլիոն էթնիկ ույղուրներ կարող են գտնվել Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի «վերադաստիարակման ճամբարներում»։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Չինաստանի ԱԳՆ-ն ասել է, որ ույղուրներին «վերադաստիարակման ճամբարներում» պահելու տեղեկատվությունը ոչնչով հաստատված չէ և չի համապատասխանում իրականությանը։