2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմանում, զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ են վիրավորվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեին։
Աղբյուրի հավաստի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Արցախի զորամասերից մեկում։
Պայթյունի հետևանքով Ս.Թորոսյանը, Մ.Մանուկյանը և Ա.Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: