Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ուղևորության ընթացքում պլանավորված են Շանահանի հանդիպումներն Իրաքի պաշտոնատար անձանց, ներառյալ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մեհդիի հետ: Դա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի առաջին այցն է Իրաք, ճշտում են զանգվածային լրատվամիջոցները: Իրենց հերթին Պետական դեպարտամենտում նշել են, որ Շանահանի այցի նպատակն է՝ քննարկել Իրաքում ապագա ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաև ընդգծել այդ երկրի ինքնիշխանության կարևորությունը:
Նաև սպասվում է, որ Շանահանը կհանդիպի Իրաքում ամերիկացի հրամանատարների հետ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը քննարկելու համար: Նախօրյակին Շանահանը չհայտարարված այց էր կատարել Աֆղանստան: Նա հանդիպել էր երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Ավելի ուշ նախագահական պալատում հայտնել են, որ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, Աֆղանստանի հաշտության գործընթացը և ԱՄՆ-ի ռազմավարությունը Հարավային Ասիայում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: