«Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԱԶԿ-ի առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ, հայտնում է Ermenihaber-ը:
Հատկանշական է, որ կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքն անցկացվել է Սիվաս (Սվաս-Սեբաստիա) քաղաքում, ինչի վրա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի նախագահը:
«Մեր սուրբ քայլերթը, որի վերջին քննությունը լինելու է մարտի 31-ը (ՏԻՄ ընտրությունների օրը), Սիվասից սկսելն իր իմաստն ունի: Սիվասը Սելջուկյան սուլթանության սիրտն է, Օսմանյան կայսրության խիղճը ու Հանրապետության միտքն է: Սիվասը այն քաղաքն է, որտեղ դրվել են Թուրքիայի Հանրապետության հիմքերը: Սիվասի կոնգրեսը ընդհանուր մտքի միախմբման կենտրոնն է»,- ասել է էրդողանը:
Խոսելով «ահաբեկչության դեմ պայքարի» մասին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Աֆրինում, Ջարաբլուսում մեզ վրա հարձակվել ցանկացողներին անհրաժեշտ դասը տվեցինք, կրկին կտանք: Ներսից կամ դրսից Թուրքիայի դեմ որևէ գործողություն անել ցանկացողներին անհրաժեշտ պատասխանը կտանք: Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք:
Նախագահական կառավարման համակարգը կասկածի տակ դնելով՝ հին Թուրքիա երազողների իղձերն ի չիք են դառնալու»: