Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզը նոր չէ: Բանակցային գործընթացի տարբեր փուլերում այն պարբերաբար բարձրաձայնվել է Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների ղեկավարների կողմից:
Իհարկե, ժողովուրդներին, որոնք ոչ վաղ անցյալում անցել են պատերազմի միջով, խաղաղության նախապատրաստելու կարիք չկա. նրանք պատրաստ են խաղաղության, նրանք ուզում են խաղաղություն: Սակայն ի՞նչ գնով և ի վերջո, շատ կարևոր է հասկանալ, թե խաղաղության նախապատրաստել ասելով ի՞նչ ենք հասկանում: Եթե նպատակը ռազմատենչ հռետորաբանությունից ազատվելը, հետագա բանակցությունների համար կառուցողական մթնոլորտ ապահովելն է, ապա այս դեպքում կոչն առավելապես ուղղված է Ադրբեջանին, որտեղ հայատյացության քարոզը շարունակվում է ամենաբարձր մակարդակով: Եթե խնդիրը ժողովուրդներին փոխզիջումների պատրաստելն է, ապա այստեղ միանշանակ է, որ առանց Արցախի անմիջական մասնակցության ու առանց Արցախի կամքը հաշվի առնելու որևէ փոխզիջման կամ լուծման մասին խոսելն անիմաստ է:
Սակայն ցանկացած պարագայում եթե խոսում ենք հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջոցառումներ ձեռնարկելու մասին, ապա պիտի միանշանակ լինի, որ այդ միջոցառումների կիրառումը պիտի սիմետրիկ, համաչափ լինի բոլոր կողմերի համար:
Միջազգային հանրությունը և Մինսկի խմբի համանախագահները՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչեր հնչեցնելուց առաջ պիտի հստակեցնեն, որ այդ գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար պետք է մշակվեն չափելիության մեխանիզմներ, գործընթացը պետք է իրականացվի հետևողական կերպով և, ինչպես արդեն նշեցի, ամենակարևորը, լինի համաչափ՝ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, այլապես, խոսել խաղաղության մասին, այս փուլում, առնվազն անիրատեսական է: