ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում նշել է, թե ըստ իրենց ծրագրի որ դեպքում կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները:
«Այսօր մեր հանրակրթության համակարգում շուրջ 12 հազար հաստիք կա, որոնց կարիքը չկա ընդհանրապես: Այսօր մեր երկրում կան մանկավարժներ, ովքեր ստանում են 25 հազար աշխատավարձ այն դեպքում, երբ բյուջեով սահմանված է, որ աշխատավարձը պետք է լինի 125 հազար դրամ: Սա այն պատճառով է, որ մեկ դրույքի վրա գրանցում են մի քանի հոգու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մինչև պետական և հանրային օրգանիզմը չառողջացնեն, այդ խնդիրները չեն կարող լուծվել:
«Պետք է գտնենք, թե մեկ դրույքի վրա գրանցված ով է այդ ավելորդ աշխատողը, իրեն պետք է ասենք, որ գնա զբաղվի իր գործով, որպեսզի մանկավարժն էլ իր աշխատավարձով անի իր աշխատանքը: Թոշակների ավելացման համար Կառավարությունն իր բաժինը կանի ստվերի դեմ պայքարելով, բայց, եթե թոշակառուն գնա իր թոշակով շաքարավազ գնի ու կտրոնը չվերցնի, իր թոշակը շատ քիչ է բարձրանալու»,- նշեց վարչապետը:
ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։