2018թ.-ին Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ ավազանի հինգ երկրների միջև ձեռքբերված պատմական Կոնվենցիան, կարծես թե, մտնում է իրականացման փուլ: Փետրվարի 19-20 Բաքվում կկայանա Կոնվենցիայի իրականացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Պետք է նշել, որ չնայած դրան, այս խնդրի շրջանակում անհարթություններ դեռ կան, և դա պայմանավորված է նաև Կասպից ծովի ռեսուրսներից օգտվելու մասին նախորդ երկու տասնամյակի ընթացքում ավազանի երկրների հակադրվող մոտեցումներով:
Մինչ Կոնվենցիայի ստորագրումն ունեինք այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը պնդում էր, որ ծովի ջրային մակերևույթը պետք է օգտագործվի բոլորի կողմից հավասարապես, իսկ հատակն՝ ըստ առանձնացված ինքնիշխան մասերի: Ռուսաստանի դիրքորոշմանը մոտ էին Ղազախստանի պատկերացումները: Ադրբեջանը, սակայն, համաձայն չէր ընդհանուր ջրօգտագործման մոդելին՝ առաջարկելով ամբողջական տարանջատում (ծովի հատակ, ջրային մակևերույթ, օդային տարածք): Այս հարցում Ադրբեջանի աջակիցը Թուրքմենստանն էր, և բնավ ոչ պատահականորեն: Բանն այն է, որ ԵՄ-ն թուրքմենական գազը պատրաստ էր գնելու միմիայն Կասպից ծովի իրավական կարգավիճակի լուծման պարագայում՝ Տրանսկասպյան գազամուղի նախագծի իրականացման շնորհիվ: Եվ քանի որ ՌԴ մշտապես պնդում էր ջրի մակերևույթի ընդհանուր օտագործման վրա, ուստի ցանկացած ենթակառուցվածք պետք է կառուցվեր հինգ երկրների պարտադիր համաձայնության պարագայում: Հասկանալի է, որ ՌԴ պիտի որ չհամաձայներ այնպիսի մի նախագծի, որով Եվրոպան կունենար ռուսական գազի այլընտրանք: Նույն տրամաբանությամբ, Թուրքմենստանը պիտի աջակցեր այդ նախագծի կյանքի կոչմանը նպաստող դիրքորոշմանը, այս պարագայում՝ ադրբեջանական:
Բավականին այլ մտավախություններ ուներ Իրանը, որը ծովի տարանջատման միջազգային նորմերի կիրառման պարագայում (տարբերակ, որը մյուս չորս երկրների կողմից պարբերաբար առաջարկվել է) կունենար ծովի տնօրինման ամենափոքր հատվածը: Ուստի Իրանը երկու տասնամյակ շարունակ հիշեցրել է, որ Կասպից ծովը չունի ծովի կարգավիճակ:
Նախորդ տարի ստորագրված Կոնվենցիան Կասպից ծովը բաժանում է տարածքային ջրերի, ձկնորսական տարածքների, ինչպես նաև՝ ջրային մակերևույթի ընդհանուր օգտագործման իրավունք է սահմանում ավազանի երկրների համար: Խոսելով զիջումների մասին` ընդգծված է Ռուսաստանի փաստացի փոխզիջումը Տրանսկասպյան գազամուղի իրականացման հարցում, քանի որ Կոնվենցիան նախատեսում է, որ ենթակառուցվածքների շինարարությունը ծովում պետք է իրականացվի ոչ թե բոլոր, այլ միայն հարևան երկրների թույլտվությամբ: Ընդգծված է նաև Ադրբեջանի զիջումը` ամբողջական տարանջատման իր մոտեցման հարցում: Պետք է նշել, որ Կոնվենցիան մեկ կետ է պարունակում, որն ընդգծված ընդունելի է Իրանի համար. Կասպից ծովի ջրերում բացառել երրորդ կողմի որևէ տեսակի ներկայություն:
Տրամաբանական է, որ միջազգային հարթության խնդիրներում հենց այնպես, առանց բալանսավորման, կոմպրոմիսների չեն հասնում: Իսկ հավասարակշռությունը միշտ չէ, որ կարելի է փնտրել նույն խնդրի տիրությում: Այս իմաստով կասպյան ավազանի հետ կապված զարգացումները առանձնահատուկ նշանակություն են ստանում մեր տարածաշրջանի համար՝ պայմանավորված նաև խնդրին Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ մասնակցությամբ: