Ամերիկացի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:
«Եվրոպան շարժվում է դեպի մոռացում, և Եվրոպայի ժողովրդին հարկավոր է արթնանալ, քանի դեռ շատ ուշ չէ: Եթե նրանք դա չանեն, ԵՄ-ն կգնա այն ուղիով, որով 1991 թվականին գնաց ԽՍՀՄ-ը»,- հայտարարել է Սորոսը Project Syndicate-ի կայքում հրապարակված իր հոդվածում: «Ո՛չ մեր առաջնորդները, ո՛չ սովորական քաղաքացիները չեն հասկանում, որ այժմ վրա է հասնում վճռորոշ պահը», - հավելել է նա:
Սորոսի խոսքով՝ «բեկումնային պահ» կլինեն 2019 թվականի մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները: Նա նշում է, որ «հակաեվրոպական ուժերը մրցակցային առավելություն կունենան» ընտրություններում տարբեր պատճառներով, ներառյալ հնացած կուսակցական համակարգը: