Հայաստանը չի նախատեսում մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին։ Այս մասին, ներկայացնելով կառավարության 5 տարվա ծրագիրը, փետրվարի 13-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որում նա անուղղակիորեն նշել էր մարտական գործողություններին հայ զինվորների մասնակցության մասին, հայտնում է News.am-ը։
Վարչապետը հավաստիացրել է, որ Սիրիայում հայ զինվորականները գտնվում են բացառապես մարդասիրական առաքելությամբ։ «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, ինչ համատեքստում է արվել այդ հայտարարությունը։ Բայց մենք նման պլաններ չունենք»,- ասել է Փաշինյանը։
Նշենք, որ Տոնոյանի հայտարարությունը տառացիորեն հնչել է հետեւյալ կերպ. «Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եւ եթե անհրաժեշտություն լինի նաեւ ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա եւս կանի օրենքի տառին համապատասխան»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8-ին տեղեկացրել էր, որ հայ մասնագետների խումբը՝ 83 մարդուց կազմված, մեկնել է Սիրիա։ Խմբում ներառված են մարդասիրական ականազերծման մասնագետներ, բուժանձնակազմ եւ հենց մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադ։ Մարդասիրական զորակազմի Սիրիա ուղարկվելու մասին հայտարարվել էր անցած տարվա աշնանը։