Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերել է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Հիշեցնենք, որ այս տարի տոնը կնշվի փետրվարի 16-ին:
Տոնի, դրա խորհրդի հետ կապված հարցերով «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
-Տեր Հայր, ո՞վ էր Սուրբ Սարգիսը և ո՞րն է տոնի խորհուրդը:
-Սուրբ Սարգիսը զորավար էր, ով իր Մարտիրոս որդու և 14 զինվորների հետ նահատակվեց` պահպանելով հավատքը: Այդ իսկ պատճառով Սուրբ Սարգսի օրինակը մեզ համար տոն է և սրբի խորհուրդը կարևոր է հենց նրանով, որ իր վարքի մեջ մենք փորձում ենք բացահայտել սերը, նվիրումը, քաջությունը, նվիրումն առ Աստված, որ օրինակ և ուղեցույց է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:
Առհասարակ, երբ որևէ սրբի տոն ենք նշում, հիմնական իմաստն ու նպատակը տվյալ սրբի օրինակը մեզ համար օրինաչափություն և առաջնորդող դարձնելն է: Սուրբ Սարգիս տոնի խոհուրդն է սերը Աստծո նկատմամբ, այն ծառայության նկատմամբ, որի համար որ մարդը կոչված է: Լինելով զինվորական` նա նաև համարվում է սիրո բարեխոս: Իսկ դրա բացատրությունը կայանում է հետևյալում. Սուրբ Սարգսի որդին` Մարտիրոսը, ով ուներ շատ երազանքներ, նպատակներ, որոնք հատուկ են երիտասարդներին, երիտասարդ հասակում նահատակվեց: Եվ դրանով է պայմանավորված, որ Սուրբ Սարգիսը, ով Մարտիրոսի հայրն էր, մարդկանց ընկալումների մեջ հենց նա է սիրո բարեխոս համարվում, ում օգնությամբ երիտասարդների բոլոր նպատակներն ու բարի ցանկությունները իրականություն են դառնում:
Հիշեցնենք, որ Սուրբ Սարգիսը զինվորական էր, ով չթողեց իր ծառայությունը, չասեց «ես միայն Աստծոն եմ ծառայում», այլ` որտեղ որ եղավ իր ծառայության մեջ, փորձեց բացահայտել Աստծուն և Աստծո ներկայությունը:
- Ինչպե՞ս էին նախկինում տոնում Սուրբ Սարգիսը, և ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել տոնն այսօր:
- Կարելի է ասել, այն գլոբալ փոփոխությունների չի ենթարկվել: Ինչպես նախկինում, այսօր ևս պատարագ է մատուցվում: Հոգևոր իմաստով տոնը ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Ժողովրդական ավանդույթի մասով, պահպանվել է աղի բլիթը, որը նախկինում կար, փոխինդով սկուտեղը, որ դնում էին տան տանիքին կամ շեմին, այսօր էլ անում են, գուցե ոչ նախկինի պես համատարած ու հավատով: Ամեն դեպքում կարելի է փաստել, որ այսօր էլ հետևում են ավանդույթներին: Բայց հարկ է նշել, որ ժամանակի ընթացքում եղած ավանդույթներին ավելանում են նորերը` որդեգրելով ավելի ժամանակակից մոտեցումներ, օրինակ, սիրո խոստովանություն գրքով, զինվորների պարգևատրում, զինվորների օրհնության կարգ:
-Ի՞նչն է պատճառը, որ հայ երիտասարդները սկսել են ավելի շատ հետաքրքվել սուրբ Վալենտինով:
-Ես չեմ կիսում այն տեսակետը, որ երիտասարդները Սուրբ Վալենտինով ավելի են հետաքրքրված, քան Սուրբ Սարգսով: Չնայած չեմ բացառում, որ, այո´, Վալենտինը նշվում է: Պատճառները տարբեր են. Վալենտինն ավելի կոմերցիոն տոն է, ավելի օտար է, ավելի նոր, գուցե նորաձև, գուցե սրանք են պատճառները, որ Վալենտինը հետաքրքում է ոմանց:
Սակայն, թերևս պետք է ընդգծեմ, որ մեր խնդիրը Վալենտինի դեմ պայքարը չէ, մեր խնդիրը մարդկանց սովորեցնելն ու քարոզելն է: Ու ուրախությամբ պետք է ասել, որ տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ մարդիկ ավելի շատ հետևում են Սուրբ Սարգսի տոնին, քան` Վալենտինին:
- Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին:
-Թող Աստված մեր ընթացքը միշտ պահի ամուր, հաստատուն դեպի բարի գործեր, հայրենասիորւթյուն, եկեղեցաշինություն, նվիրում:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը