Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որը նախատեսված է այսօր Սոչիում, կտևի գրեթե ամբողջ օր: Ինչպես գրում է Tert.am-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Երկու երկրների առաջնորդները հանդիպման շրջանակում պետք է քննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները:
«Ժամանակի մեծ մասը նախագահները երկուսով են շփվելու՝ անհրաժեշտության դեպքում խոսակցությանը ներգրավելով մասնագետ կուրատորների: Շփումը պլանավորվում է փաստացի ամբողջ օրը: Միևնույն ժամանակ մենք հայտարարել ենք, որ մեկ օրով չենք սահմանափակվելու: Արդեն ծրագրված է, որ այսպես կամ այնպես Պուտինի և Լուկաշենկոյի միջև շփումը կշարունակվի նաև վաղը և մյուս օրը», - մանրամասնել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
Նա հավելել է, որ բացի դրանից՝ ծրագրված է կարճ խորհրդակցություն ռուսական ու բելառուսական պատվիրակությունների կազմով, որին կմասնակցեն ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, Միսնկում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչն ու նախագահի օգնականներից Յուրի Ուշակովը: