Մեքսիկական խոհանոցը հայտնի է ամբողջ աշխարհում, բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման բաղադրատոմսերի արմատները գնում են հնագույն ժամանակներ: Իսպանացիների կողմից Մեքսիկան գաղութացնելուց հետո, նրանք իրենց հետ բերեցին ցորեն, շաքարեղեգ, ոլոռ, սոխ, մաղադանոս, ճակնդեղ, ընտանի կենդանիների որոշ տեսակներ, տեղական խոհանոցն աստիճանաբար սկսեց փոխվել, ավելի բազմազան դառնալ: Անապատային շրջանների բնակիչները ճաշեր էին պատրաստում նաև կակտուսից, որը կոչվում էր «նոպալ»:
Ինչպես գիտենք, Մեքսիկայում չիլին եղել է, կա և կլինի համեմունքների թագուհին: Մեքսիկացիներն այնքան շատ են սիրում չիլի, որ նույնիսկ ամենալավ ու ամենանրբահամ ճաշը անավարտ է համարվում, եթե այս համեմունքը պակասում է: Ավելի հաճախ նրանք պատրաստում էին չիլի սոուսներ. կարմիր կամ կանաչ լոլիկով աղացած պղպեղ, թանձրացված դդումից կամ արևածաղկի սերմերից, գետնանուշից կամ կակաոյից պատրաստված պաստայով, և համեմած տարբեր տեսակի կանաչիներով: Կան չիլիի տարբեր գույնի, ձևի ու համի 90 տեսակներ:
Ժամանակի ընթացքում մեքսիկական խոհանոցն ավելի ու ավելի էր հարստանում այլ երկրներից ներկրվող մթերքներով, օրինակ՝ Չինաստանից բերված բրինձը, որին նրանք արագորեն ընտելացան և դարձրեցին իրենց խոհանոցի կարևոր մասը: Մեքսիկական շատ ճաշատեսակների հիմքում եգիպտացորենն է: Մեքսիկայում ոչ մի ճաշ առանց տորտիլլայի չի լինում. այն մատուցվում է ցանկացած առիթով, իսկ պատրաստման գաղտնիքը փոխանցվում է սերնդե սերունդ:
Իսկական տորտիլլան պատրաստում են եգիպտացորենի խյուսից: Յուրաքանչյուր շրջան տորտիլլայից սեփական ճաշատեսակներն ունի. Կեսադիլա, էնչիլադաս, չիլակվիլես և այլն:
Տորտիլլա
Եգիպտացորենն օգտագործվում է տորտիլա՝ մեքսիկական հաց պատրաստելիս: Խմորը պատրաստելու համար չոր սերմերը պետք է թրջել կալցիումով ջրի մեջ, հետո եփել մինչև փափկեն և մի գիշեր թողնել: Հաջորդ օրը սերմերի ջուրը պետք է քամել, պարզաջրել, հետո տրորել: Այս մածուկը բացվում է բարակ չիփսերի նման ու դրվում տաքացրած կավե սկուտեղի վրա:
Կեսադիլա (194 կկալ)
Բաղադրությունը
Խմորի համար անհրաժեշտ է.
1 բաժակ ջուր
2 բաժակ ալյուր
Աղ
Լցոնելու համար անհրաժեշտ է.
0,5 կգ հավի կրծքամիս
1 սոխ
Սոուսի համար անհրաժեշտ է.
2 լոլիկ
1 բուլղարական պղպեղ
2 ճաշի գդալ թթվասեր
100 գրամ պինդ պանիր
Պատրաստման եղանակը.
Ջուրը, ալյուրը և աղը խառնել, պատրաստել պինդ խմոր, սառնարանի մեջ թողնել 30 րոպե: Հավի ֆիլեն և սոխը կտրել խորանարդիկներով և տապակել: Աղն ավելացնել` ըստ ճաշակի: Կտրել լոլիկները և պղպեղը քառակուսիներով և առանց յուղի տապակել այնքան մինչև լոլիկները վերածվեն պյուրեի, ավելացնել թթվասեր, աղն ու պղպեղը` ըստ ճաշակի:
Խմորը սառնարանից հանել, բաժանել 4 մասի, բարակ բլիթներ պատրաստել: Բլիթի մի կեսի վրա ավելացնել հավը սոխով, սոուսը, իսկ վրայից ցանել քերած պանիրը: Բլիթը բաժանել 2 մասի, թխել ջեռոցում: Թողնել այնքան մինչև պանիրը հալվի: Պատրաստված քեսադիլյան կիսել և մատուցել թթվասերի հետ:
Բարի ախորժակ: