Հումորիստ և շոումեն, «Comedy club» նախագծի համահիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանը «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում խոսելով կառավարման իր հմտությունների մասին, խոստովանել է, որ քաղաքականությունից գլուխ չի հանում և մտադիր չէ Հայաստանի նախագահ դառնալ:
Ի պատասխան հարցին, թե եթե իրեն ՀՀ նախագահ առաջադրեն, Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ այդ դեպքում հաճույքով կծիծաղի:
«Եթե ինձ առաջադրեն, ես հաճույքով այդ առաջարկը կդիտարկեմ և կծիծաղեմ, որովհետև մենք ունենք հրաշալի նախագահ, որի անունն է Արմեն Սարգսյան: Նա շատ լավ է գլուխ հանում իր աշխատանքից... Իմ թեկնածությունն ավտոմատ կերպով չեղարկվում է՝ անմրցունակության պատճառով»:
Մարտիրոսյանն անդրադարձել է նաև հայկական հումորի առանձնահատկություններին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է հայկական հումորը, Մարտիրոսյանը մասնավորապես նշել է. «Դիտարկելով այն իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի հետ՝ այն հիմնականում ուրախ բնույթ ունի: Այդ իրադարձությունները ոչ միշտ են հաճելի եղել, երբեմն՝ անգամ ողբերգական, սակայն հայկական հումորը գոյատևելու, որպես քաղաքակրթություն սեփական գոյությունն ապացուցելու ու ոգու կորովը պահպանելու միջոց է: Քանի որ հայերը ուրախ ազգ են: Սա և´ հայերի, և´ հայկական հումորի հիմնական առանձնահատկությունն է»: