Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակով։ NEWS.am-ի տեղեկատվությամբ՝ օրերս սկսվել է առաջնագծի զորամասերի համալրումը հայրենական արտադրության կատարելագործված ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով։
Արդիականացված թռչող սարքն ունի թռիչքային և հետախուզական լայն հնարավորություններ։ Սարքի վրա գտնվող համակարգերը կառուցված են տարրերի նորագույն բազայի հիման վրա և ներառում են՝ ցածրաղմուկ շարժիչ, հզոր պրոցեսոր, GPS ընդունիչներ, իներցիալ նավիգացիոն համակարգ, հեռաչափման տվյալների մշակման համակարգ, իրական ժամանակի գեոտեղեկատվական համակարգ։ Անօդաչու սարքը կարող է հանդերձավորվել հայրենական արտադրության որակյալ ջերմացուցիչով։ Նորմալ արագությունը կազմում է 100-130 կիլոմետր ժամ, իսկ թռիչքի առավելագույն ժամանակը՝ մինչև 4 ժամ։ Այսինքն՝ մեկ թռիչքի համար անօդաչու սարքը կարող է կտրել 400-500 կիլոմետր։ Թռիչքը կարող է կառավարվել նաև ավտոմատ ռեժիմով՝ ըստ նշակետերի։ Օպերատորի հետ կապի առավելագույն հեռավորությունը 10 կիլոմետր է։ Անհրաժեշտության դեպքում հետախուզությունը կարող է վարվել նաև հակառակորդի տարածքի խորքում՝ 150-200 կիլոմետրի վրա։