ՀՀ վարչապետը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս փետրվարի 12-ին անդրադարձավ նաև Արցախին և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, որին հետեց փետրվարի 13-ին Ալիևի կտրուկ արձագանքը: Մասնավորապես նա ասել է. «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»:
Թեմայի հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից:
- Պարո՛ն Ռուբինյան, ինչի՞ հետ եք կապում հռետորաբանության կտրուկ կոշտացումը և շեշտադրման փոփոխությունը:
- Այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ բանակցային պրոցեսի մեկնարկին:
Մեր դիրքորոշումը մնում է նույնը: Եթե ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց և եթե իրապես ուզում ենք խաղաղության շուրջ երկխոսություն՝ պետք է համապատասխան մթնոլորտ, իսկ այդ մթնոլորտը ապահովվում է ագրեսիվ հռետորաբանության և ագրեսիվ գործողությունների բացառմամբ։
Ադրբեջանի հայտարարություններն, այս համատեքստում, ապակառուցողական են և դատապարտելի:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը