Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, փետրվարի 16-ին կայացած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորել են կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան նախատեսվող այցը, որը լավ առիթ է երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն անդրադառնալու և համատեղ քայլերը նախանշելու համար:
Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
Նախարար Մնացականյանն Իրանի իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: