ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարարության ղեկավար Միրոսլավ Լայչակը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մարտին կայանալիք նախագահական ընտրություններին ռուս դիտորդներին չհրավիրելը հակասում է ԵԱՀԿ անդամ պետությունների սկզբունքներին ու պարտականություններին:
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում անելով ria.ru-ին, Լայչակը Կլիմկինին խնդրել է, որ ուկրաինական իշխանություններն իրենց որոշումը վերանայեն և ՌԴ քաղաքացի հանդիսացող դիտորդներին թույլ տան հետևել ընտրությունների ընթացքին:
ԵԱՀԿ ղեկավարը կոչ է արել Կիևին անտեսել Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններն ու հարգել ԵԱՀԿ սկզբունքները՝ դրանով իսկ նպաստելով ընտրությունների ժողովրդավարական ընթացքին ու ընտրական գործընթացի մոնիթորինգին:
Աղբյուրը հավելում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անընդունելի» է որակել Կիևի քայլն ու ընդգծել, որ դա կարող է նվազեցնել նախագահական ընտրությունների օրինականության մակարդակը:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել էր օրենք, որը ՌԴ ներկայացուցիչներին արգելում է որպես դիտորդ աշխատել մարտի 31-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում: