Որոշումը հստակ էր, ցանկությունը՝ մեկը. պատմական հայրենիքի մասը պետք է միանար Հայաստանին...
Ղարաբաղյան շարժումը հրապարակներից տարածվեց դեպի սահման, հակամարտությունը սրվեց, վերածվեց պատերազմի: Ի վերջո ստորագրվեց զինադադարի համաձայնագիր, իսկ հայոց նորագույն պատմության մեջ 1988-ի փետրվարը մտավ որպես Արցախյան շարժման սկիզբ: 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր: Մոնթեն պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը:
Անցել է 31 տարի: Շարժումը լուծել է իր առջև դրված հիմնական խնդիրը: Սակայն, ցավոք, գործընթացը դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին: Ունենք տարածաշրջանային սառեցված հակամարտություն, իսկ Արցախն էլ դեռևս ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։
Արցախյան շարժման և կարգավորման գործընթացի մասին Արմեդիա ՏՎԳ-ն զրուցել է Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ:
- Պարո´ն Բալայան, որպես պատմաբան, ի՞նչ եք կարծում` հայկական կողմերը ճի՞շտ են օգտագործել ժամանակի գործոնը՝ արագացնելու համար Արցախի միջազգային ճանաչումը։
- Գուցե կարելի էր ավելի լավ աշխատել: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն այդքան շուտ չի ընդունի Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց մենք պետք է պարտադրենք` մեծացնելով երկու հանրապետությունների ռազմական և տնտեսական ներուժը:
Եթե այս տեսանկյունից դիտարկենք հարցը, ապա կարելի է ասել, որ մի քիչ լավ չի կազմակերպվել աշխատանքը: Սակայն հարկ է փաստել, որ դե ֆակտո երկիրը գոյություն ունի, մեզ հաջողվել է 1994 թվականի զինադադարից հետո պահել ստատուս քվոն:
Երկու հանրապետությունների ջանքերը պետք է մեկտեղել ավելի նպատակաուղղված աշխատանքներ կատարել ճանաչումը վերջնականապես իր ավարտին հասցնելու համար:
- Ինչպես եք գնահատում ու՞ր է հասել գործընթացը և դեպի ու՞ր է շարժվում:
-Մեծ տերությունները, միջնորդ երկրները շահագրգռված են հարցը տանել իրենց ցանկացած ուղով: Կարծում եմ, որ սա բնական է, քանի որ տարածաշրջանն ազդեցության գոտիների է բաժանված, և մենք շահերի բախումների թատերաբեմում ենք գտնվում: Այս տեսանկյունից պետք է բավական ճկուն լինել: Ցավով պետք է հիշատակեմ, որ մենք տարածքով ու բնակչության թվաքանակով փոքր երկիր ենք, և այս բախումները մեզ համար վտանգավոր են, և պետք է բավականաչափ խոհեմ լինենք, որ հարվածների ալիքը մեզ վրա չվերցնենք: Մեր դիվանագիտությունն այստեղ անելիք ունի, և լավ աշխատելու պարագայում մենք կխուսափենք մեծ առճակատումներից, բախումներից, հակամարտություններից` հասնելով այն հանգրվանին, որի մասին ժողովուրդը ձգտում և երազում է:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը