Վրաստանը Ռուսաստանում այլընտրանք է փնտրում ադրբեջանական գազին: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան չի բացառել Ռուսաստանից գազ գնելու հնարավորությունը։
Վրաստանի խորհրդարանի ճյուղային տնտեսության և տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստում նախարարն ասել է, որ շարունակվում են «Գազպրոմի» հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, հայտնում է apsny.ge-ն։ «Գազի գնման դիվերսիֆիկացումը և օպտիմալացումը, այո, կարևոր նախաձեռնություն են, ենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի լինի ոչ թե մեկ մատակարար, այլ մեկից ավելի։ Մենք բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ, և հավանաբար նրանցից գազ կգնենք ինչ-որ քանակությամբ՝ այն շրջանակներում, որոնք մեզ թույլ են տալիս պահպանել էներգաարդյունավետությունն ու էներգաանկախությունը»,- ասել է Գեորգի Կոբուլիան։
Նա հայտնել է, որ բանակցություններ են տարվում պայմանների բարելավման շուրջ: «Սրանք բարդ բանակցություններ են, և ժամանակ է պետք։ Մենք բանակցում ենք «Գազպրոմի» հետ, որպեսզի բարելավենք տարանցման մեր պայմանները, ինչպես նաև գնումների պայմանները՝ մեր էներգաարդյունավետության և էներգաանկախության շրջանակներում։ Դա մեզ թույլ կտա, որպեսզի մեր ընկերությունները և բնակչությունը գազ ստանան ավելի ցածր գներով։ Դրա պոտենցիալը կա, և մենք կստանանք դա, գուցե, անգամ այս տարի»,- ասել է նա։