ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ:
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում էի, ուր իմ բազմաթիվ մարտական ընկերների ու զինակիցների հետ հնարավորություն ունեցա մասնակցելու շարժման հոբելյանին նվիրված միջոցառումներին, վերհիշելու մեր անցած ճանապարհը: Այդ օրը գոհունակությամբ արձանագրեցի, որ ազատության ոգին, ինչպես և երեք տասնամյակ առաջ, թևածում է Արցախում: Դա հիրավի անգին արժեք է:
Այս օրը, կարծում եմ, ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է: Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն: Վստահ եմ, որ գալիք սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն դրա ահռելի նշանակությունը»…
«Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար», - ընդգծում է Ռոբերտ Քոչարյանը: