Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին:
Պոլսահայ երգչուհին պաշտոնապես հրավիրված է մասնակցելու Կառնավալին: Նա կլինի այն կառքում, որը կգլխավորի հայկական շքերթը, հայտնում է Ermenihaber-ը:
Ներկայումս երգչուհին Սան Պաուլոյում է, որտեղ մասնակցում է միջոցառման փորձերին: Մարտի 2-ին կայանալիք միջոցառման նախաձեռնողը Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբն է: Շքերթը կրելու է «Կեցցե Հայաստանը» խորագիրը: Ներկայացվելու է Հայաստանի մշակույթն ու պատմությունը: Միջոցառումը հեռարձակվելու է 200-ից ավելի երկրներում: