Արաբական Միացյալ էմիրությունները պատրաստվում է ճանացել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է արաբական «al-Akhbar» թերթը` հղում կատարելով ԱՄԷ դիվանագիտական շրջանակներում իր ունեցած աղբյուրներին:
Վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերություններում ջերմացում է նկատվում, ինչի մասին խոսում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների պարբերականությունը: Սակայն Ցեղասպանությունը ճանաչելու Աբու Դաբիի մտադրության մեջ առաջնային շարժառիթը Հայաստանի հետ ջերմ երկկողմ հարաբերությունները չեն:
Արաբական Միացյալ էմիրությունների և Թուրքիայի հարաբերություններում լարվածության աճ է նկատվում վերջին մի քանի տարիներին: Առաջին հերթին դա պայմանավորված է Կատարի շուրջ ճգնաժամի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ: ԱՄԷ-ն Կատարի շրջափակումը նախաձեռնողներից մեկն է, իսկ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը Ծոցի այդ երկրի հետ` հարուցելով Աբու Դաբիի լուրջ դժգոհությունը: Բացի այդ, ԱՄԷ-ին դուր չի գալիս նաև Անկարային քաղաքականությունը Սիրիայում, «Մուսուլման եղբայրներին» Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Անկարան իր հերթին ԱՄԷ-ին մեղադրում է 2016 թվականին երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժումը ֆինանսավորելու մեջ:
Ընդ որում, Թուրքիայի հետ այս պահին լարված հարաբերություններ ունի ոչ միայն ԱՄԷ-ն, այլ նաև Սաուդյան Արաբիան: Թուրք-սաուդյան հարաբերություններում լարվածությունը բավականին աճել է Ստամբուլում սաուդյան հյուպատոսության շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուքջիի սպանությունից հետո. Թուրքիան փորձում է միջազգային հետաքննություն անցկացնել այս գործով: Բացի այդ, էր-Ռիադը Թուրքիային դիտարկում է սուննի աշխարհում իր հիմնական մրցակից, ուստի երկկողմ հարաբերություններն առանձնակի ջերմությամբ աչքի չեն ընկնում:
Թուրք-սաուդյան հարաբերություններում այս պահին առկա լարվածությունը չի բացառվում, որ կարող է նպաստել ԱՄԷ կողմից Ցեղասպանության ճանաչմանը. Էր-Ռիադը, որը բավականին մեծ ազդեցություն ունի Ծոցի երկրների` այդ թվում նաև ԱՄԷ վրա, ակնկալվում է, որ նման պայմաններում առնվազն չի խոչընդոտի այս ուղղությամբ Աբու Դաբիի քայլերին` Թուրքիային սադրելու համար։
Վերջին տարիներին արաբական աշխարհում ևս նկատվում է Թուրքիայի հետ իրենց հաշիվները մաքրելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգ բերելու գործելաոճը: Այսպես, Ցեղասպանության ճանաչման հարցը 2016 թվականից առաջ հայտնվել էր Եգիպտոսի օրակարգում: Հանրային քննարկումներում նշվում է, որ դա լավ հակաքայլ է երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանն աջակցելու Թուրքիայի քաղաքականությանը: