Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու իր որոշման մասին: Այս քայլն ուշագրավ է նրանով, որ Թրամփն այս կերպ կարող է շրջանցելով Կոնգրեսը 8 մլրդ դոլար ստանալ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:
Նշենք, որ նախագահի կողմից ստորագրված փաստաթուղթն այլևս չի ներկայացվելու Կոնգրեսի հաստատմանը և ուժի մեջ է մտնելու Դաշնային ռեգիստրում հրապարակվելուց անմիջապես հետո: Արտակարգ իրավիճակների ժամանակ ԱՄՆ նախագահի անմիջական վերահսկողության տակ են անցնում տնտեսական, պաշտպանական, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտները, այդ թվում՝ նախագահը լիազորություն է ստանում իր հայեցողությամբ տնօրինելու այդ ոլորտներից ստացվող եկամուտները:
Սակայն հատկանշականն այն է, որ ԱՄՆ-ում 1976թ.-ին ընդունված Արտակարգ իրավիճակների ազգային ակտ (National Emergencies Act) օրենքի համաձայն` երկրի նախագահն արտակարգ դրություն կարող է հայտարարել միայն բնական աղետների, երկրում տիրող խժդժությունների, համաճարակի, ազգային անվտանգությանը կամ տնտեսությանը սպառնացող վտանգների ժամանակ: ԱՄՆ պատմության մեջ այդպիսի դեպքեր բազմիցս են եղել: Այսպես օրինակ, 1933 թ.-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը արտակարգ դրություն մտցրեց բանկերի սնանկացման պատճառով: Իր հրամանագրով բանկերը ժամանակավորապես փակվեցին՝ դրանց գործունեությունը բարելավելու նպատակով: 1970-ին նախագահ Ռիչարդ Նիքսոնը արտակարգ դրություն հայտարարեց` փոստային աշխատողների զանգվածային գործադուլների պատճառով: 2001 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն արտակարգ դրություն սահմանեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների կապակցությամբ: Իսկ 2009թ.-ին Բարաք Օբաման դիմեց նմանատիպ քայլի "խոզի գրիպի" համաճարակի ժամանակ:
Ուշագրավն այն է, որ ինչպես երևում է վերոնշյալից ԱՄՆ պատմության մեջ դեռևս չի եղել այնպիսի դեպք, որ արտակարգ դրություն հայտարարվի ներգաղթյալների դեմ պայքարելու համար: Դեմոկրատների պնդմամբ` Թրամփի այդ որոշումը հակասում է ԱՄՆ սահմանադրությանը: Այս կապակցությամբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեն արդեն իսկ հետաքննություն է սկսել՝ պարզելու այդ քայլի օրինականությունը և այն, թե որքանով է արդարացված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար օգտագործել Պենտագոնի համար նախատեսված ֆոնդերը:
Նշենք, որ ներկայում Թրամփի այս որոշումն արգելափակելու երկու տարբերակ կա: Առաջինը` ԱՄՆ սահմանդրության համաձայն, բավարար ապացույցներ ունենալու դեպքում որոշումը հնարավոր է անօրինական ճանաչել և չեղյալ հայտարարել դատական իշխանության միջոցով: Հարկ է նկատել, որ այս ուղղությամբ ԱՄՆ 16 նահանգի իշխանություններ, իրենց հերթին, արդեն իսկ հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի հյուսիսի օկրուգային դատարան` պահանջելով ժամանակավոր արգելք սահմանել արտակարգ դրություն հայտարարելու որոշման վրա: Այս կերպ 16 նահանգների իշխանությունները նպատակ են հետապնդում նաև Թրամփին թույլ չտալ խախտել իշխանությունների տարանջատման հիմնական սկզբունքը, այն է` առանց Կոնգրեսի համաձայնության միջոցներ հատկացնել պատի կառուցման համար: Երկրորդ`արտակարգ իրավիճակ սահմանելու որոշումը կարող է չեղյալ համարվել, եթե Կոնգրեսում բանաձև ներկայցվի և երկու պալատներն էլ քվեարկեն դրա օգտին, իսկ նախագահն էլ իր հերթին չօգտագործի վետոյի իր իրավունքը:
Սակայն ինչքանով կհաջողվի խոչընդոտել Թրամփի որոշմանը միանշանակ ասելը դժվար է: ԱՄՆ նախագահն, ինչպես երևում է, հավատարիմ է 2016թ.-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ տված ներգաղթյալների դեմ պայքարելու իր խոստմանը, որն ի դեպ կարելի է դիտարկել նաև որպես 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում անօրինական ներգաղթյալներից դժգոհող ընտրազանգվածներին իր կողմը գրավելու միջոց: