Փետրվարի 21-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվեց դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը:
Անդրադարձ կատարվեց Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման հեռանկարներին և երկկողմ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը և պայմանավորվեցին հետագայում ևս շարունակել ոլորտային համագործակցությունը: