Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը փոտրվարի 21-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:
Ինչպես հայտնում է NEWS.am-ը` հղում կատարելով հիմնադրամի մամուլի ծառայությանը` այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Նշենք, որ Հայկ Քարամյանը մահացել էր 2018-ի դեկտեմբերի 5-ին՝ Սիսիանում մնալով ձնահյուսի տակ։
Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում ստացել էր 2018-ի հունիսի 22-ին՝ մարտական դիրքում՝ ծառայակից ընկերոջ անկանոն կրակահերթի հետևանքով։