Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսինե Բերեջիկլյան դե Խաչերյանը: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն` հղում կատարելով հայ-արգենտինական «Prensa Armenia» պարբերականին, Բերեջիկլյանը գրեթե ողջ կյանքն անցկացրել է Արգենտինայի Բուենոս Այրեսում: Նա եղել է տեղի հայ համայնքի ակտիվ գործիչներից մեկը:
Ըստ փաստաթղթերի՝ Լուսինե Բերեջիկլյանը ծնվել է 1909 թվականին Այնթափ քաղաքում (ներկայիս Գազիանտեպ, Թուրքիա):
Ցեղասպանության տարիներին Բերեջիկլյանի ընտանիքը գաղթել է Սիրիա: Աքսորի ժամանակ մահացել է նրա մայրը, իսկ տարիներ անց՝ հայրը:
«Ավելի լավ է չհիշել Ցեղասպանությունը: Անհնար է քնել այդ հիշողությունների պատճառով»,-ասել է Լուսինե Բերեջիկլյանը 2015 թվականին արգենտինական «Clarín» պարբերականին տված հարցազրույցում:
16 տարեկանում նա իր եղբայրների և քրոջ հետ Սիրիայից տեղափոխվել է Արգենտինա: