Ռուսաստանում, Բելառուսում և Ղրղզստանում փետրվարի 23-ն ավանդաբար նշում են որպես Հայրենիքի պաշտպանի օրը: ԽՍՀՄ-ում այդ օրը նշվում էր Խորհրդային բանակի և ռազմածովայի նավատորմի օրը և համարվում էր համազգային տոն:
Հայկական ԽՍՀ-ում փետրվարի 23-ը նշվում էր առանձնակի հանդիսավորությամբ: Նախևառաջ դա կապված էր հայ ժողովրդի ունեցած մեծ ներդրումով ինչպես խորհրդային բանակի զարգացման գործում, այնպես էլ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակում: Խոսելով 20-րդ դարի ամենաարյունալի պատերազմում հայերի մասնակցության մասին՝ մարշալ Ժուկովը նշել է. «Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայերը՝ սկսած շարքայինից վերջացրած մարշալով, անմահացրել են իրենց անունները քաջ մարտիկների անմար փառքով»:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որից 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից: Նրանցից մոտ 350 հազարը զոհվել է:
Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը կազմավորվել է 76-րդ հրաձգային դիվիզիան էր։ 1941–1942 թվականներին կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Վերջինս միակ դիվիզիան է, որը չի մասնակցել ռազմական գործողություններին. պահել է ռազմական կարևորություն ունեցող հայ-թուրքական սահմանը։
Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ է մեկնել 390-րդ դիվիզիան։ Նա 1942 թվականի գարնանը Նովոռոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչի թերակղզում և ունեցավ ծանր կորուստներ։ 76-րդ դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։ Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ գվարդիական դիվիզիա։ 1942 թվականի սեպտեմբերից Նովոռոսիյսկի շրջանում մարտական առաջադրանքներ էր կատարում 408-րդ դիվիզիան։ Մինչև վերջնական հաղթանակը թշնամու դեմ կռվել են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ 89-րդ «Թամանյան» (շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտական ուղին (3700 կիլոմետր) սկսել է Հյուսիսային Կովկասում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և ավարտել Բեռլինում։ Այն Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր։ Հենց նրա մարտիկներն են Բեռլինում Ռեյխստագի պատի մոտ Քոչարի պարել:
Պատերազմի ժամանակ և դրանից հետո մեդալներով և շքանշաններով պարգևատրվել է 66 802 հայորդի (ԽՍՀՄ-ում 8-րդ տեղը), որոնցից 106-ը արժանացել են Խոհրդային միության հերոսի կոչման, «Փառքի» 3 շքանշանների լրիվ ասպետ են դարձել 27-ը:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների անմիջական ղեկավարություն իրականացրել են 64 հայ գեներալներ: Նրանցից 5-ին շնորհվել է մարշալի կոչում: 1955 թվականին Հովհաննես Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային միության մարշալի, իսկ Հովհաննես Իսակովին՝ նավատորմի ծովակալի կոչում: 1965 թվականին Արմենակ Խանփերյանցին (Սերգեյ Խուդյակով) շնորհվել է ավիացիայի մարշալի կորչում: 1975 թվականին Համազասպ Բաբաջանյանին շնորհվել է ինժեներատեխնիկական զորքերի գլխավոր մարշալի կոչում, իսկ 1980 թվականին Սերգեյ Ագանովը դարձել է ինժեներական զորքերի մարշալ:
Չնայած Հայաստանում փետրվարի 23-ը պաշտոնական տոն չի հանդիսանում, սակայն շատերը, սովորության համաձայն, շնորհավորում են տղամարդկանց՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Այդ օր պետական կառույցների և Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներն ավանդաբար այցելում են Հաղթանակի զբոսայգի՝ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու համար:
Հատկանշական է, որ փետրվարի 23-ը տոն է համարում նաև երիտասարդ սերունդը, որը մեծացել է անկախ պետությունում: