Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում գտնվող «Սուտ աշխարհ» անունը կրող ռեստորանում փակցված «Վերջին ընթրիքի» ծաղրանկարը մեծ արձագանք է գտել Թուրքիայի քրիստոնյաների շրջանում։
Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով Ստամբուլի հայկական «Լույս» ամսագրին, ռեստորանի պատին փակցված է եղել Լեոնարդո Դա Վինչիի հայտնի «Վերջին ընթրիքի» կրկնօրինակը, սակայն Հիսուսի և աշակերտների փոխարեն պատկերվել են թուրք դերասաններ ու երգիչներ։
Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք․ Արամ Աթեշյանը հայտնել է, որ խնդրի հետ կապված դիմել է ոստիկանություն՝ պահանջելով, որ հեռացվի այդ ծաղրանկարը և ռեստորանի ղեկավարությունը ներողություն խնդրի։
Ոստիկանության այցից հետո ռեստորանից հեռացվել է ծաղրանկարը և սեփականտիրոջ կողմից տարածվել է հայտարարություն․ «Իմ և կոլեկտիվի անունից ներողություն ենք խնդրում մեր սխալի համար։ Մենք ամենևին հետին միտք չեն ունեցել և չենք ցանկացել վիրավորել ոչ մեկին։ Մեր սխալի պատճառով ներողություն ենք խնդրում ամբողջ քրիստոնյա համայնքից և Քրիստոս մարգարեին սիրող բոլոր մուսուլմաններից»։