Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հրամանով ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ SPA սաուդական լրատվական գործակալությանը հղումով:
Թագավորական հրամանագրում նշվում է, որ Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպան է նշանակվել արքայադուստր Ռիմա Բինթ Բանդար Բին Սուլթան Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը: Հայտնի է, որ նորանշանակ դեսպանն արքայազն Բանդարի դուստրն է, որը 22 տարի (1983-2005թթ.) եղել է Վաշինգտոնում սաուդական դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Արքայադուստր Ռիման կրթություն է ստացել ԱՄՆ-ում՝ պատմական ժառանգության պահպանման բնագավառում: 2014 թվականին նա ներառվել է Forbes-ի՝ արաբական երկրներում 200 ամենաազդեցիկ կանանց ցանկում: Մինչ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է Սպորտի գլխավոր ֆեդերացիայի ղեկավարի ներկայացուցչի պաշտոնը: