«Հայաստանի բնակչությունը քաղաքականության հանդեպ քիչ հետաքրքրություն է ցուցաբերում, երբ խոսքը գնում է հակամարտության մասին: Այս հարցում նրանք ընդունում են պետության դիրքորոշումը, այն է` «Ղարաբաղը մերն է, և մենք այն չենք վերադարձնի ոչ մեկին», - ասել է Հայաստանից վերջերս այցելած ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության խմբագիրը BBC News Azərbaycanca-ին տված հարցազրույցում:
Լրագրողը նշել է, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 20 տարի առաջ: Եվ դրանից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է:
«Այն ժամանակ ինչ-որ անհանգստություն ու սպասում կար: Հիմա Հայաստանի նոր սերունդը կարծում է, որ ամեն ինչ արդեն որոշված է: Մարդիկ կարծես թե մեկ այլ աշխարհում են: Մյուս փոփոխությունը կապված է այն հանգամանքի հետ, որ հասարակությունը այլևս չի ցանկանում խոսել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների մասին, ինչպես 20 տարի առաջ: Նրանք կարծում են, որ Հայաստանը զիջումների չի գնա, որովհետև չպետք է գնա: Հայերը կարծում են, որ դա արդեն լուծված հարց է, և Ադրբեջանը չի կարող փոխել որևէ բան », - ասել է նա:
Ադրբեջանցի լրագրողը նշել է, որ հասարակ մարդիկ հավատում են, որ ղարաբաղյան հարցում զիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող, փոխանցում է haqqin.az -ը: