Սամի Նասերին, որը Լյուկ Բեսսոնի «Տաքսի» ֆիլմաշարի աստղն է, ավարտում է նկարահանումները հայերի մասին պատմող մի ֆիլմում և երազում մյուսի մասին։ Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն, այս մասին լրագրողներին նա հայտնել է Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստան Նասերին ժամանել է եղբոր` Բիբիի հետ, մասնակցելու «Mix Fight 40» խառը մարտարվեստի մրցումներին՝ Գագիկ Ծառուկյանի հրավերով։
«Մենք ազգայնամոլներ չենք, սակայն մենք կցանկանայինք, որպեսզի հաղթեն մեր հայ ընկերները։ Ճիշտ է մրցումներին մասնակցում է նաև մարզիկ Մոնակոյից, ես նաև նրան եմ երկրպագելու», – ավելացրեց Սամին։
Սամիի հայրը ալժիրցի է։ Սակայն ինքը երկրպագում է ինչպես յուրայիններին, այնպես էլ «օտարներին»։ Իր համար դա շատ տարօրինակ բառ է։
«Փարիզում ես այնպիսի թաղամասում եմ մեծացել, որտեղ շատ հայեր կային, շատ–շատ։ Ես նրանց հետ եմ մեծացել, և ես նրանց շատ եմ սիրում», – ասում է Սամին։
Այժմ Նասերին նկարահանվում է Արտակ Իգիթյանի` «Անատոլիական պատմություն» (մյուս անվանումը` «Little Armenia») ֆիլմում, որտեղ նա հայկական ընտանիքի մի տղայի է մարմնավորում (ընտանիքի հոր դերը կխաղա հայտնի դերասան Ժերար Դարմոնը, որը հրեա–բերբերական արմատներ ունի – խմբ.)։
Ֆիլմի գաղափարը նրան հուզել էր և նա այն շատ գեղեցիկ է համարում։ Պրոդյուսերը ֆրանսիացի դերասան Ֆաբրիս Սոպողլյանն է։ Ֆիլմի համար արդեն հովանավոր ընկերություն են գտել։
Ֆրանսիահայ ընկերներին նրանք ուզում են պատմել Հայաստանի մասին։