Այսօր` փետրվարի 25-ին, Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է:
Զորավար Անդրանիկը, ինչպես սիրում էր նրան անվանել ժողովուրդը, իրավամբ համարվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի ամենաականավոր գործիչներից մեկը: Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի պաշտպանությանը:
Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1885թ. Շապին-Գարահիսարում: Անդրանիկը, չկարողանալով անտարբեր մնալ Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների նկատմամբ, արդեն 17 տարեկան հասակում իրեն նվիրում է հայ ժողովրդի փրկության և հայրենիքի պաշտպանության գործին: 1882թ. Անդրանիկը հայտնվում է բանտում թուրք ոստիկանի վրա հարձակում գործելու մեղադրանքով, սակայն նրան հաջողվում է այնտեղից փախչել:
1885թ. Անդրանիկը միանում է Աղբյուր Սերոբի գլխավորած ֆիդայիների խմբին: Թուրքական կանոնավոր բանակի և քրդական զինված խմբերի դեմ կռիվներում ցուցաբերած քաջության շնորհիվ նրան հաջողվում է շատ արագ աչքի ընկնել և հետագայում իր շուրջ համախմբել բազմաթիվ ֆիդայիների:
1901թ. նոյեմբերին Անդրանիկը գլխավորում է Առաքելոց վանքի կռիվը: Զորավար Անդրանիկի 25-27 հոգանոց հայդուկային խմբին հաջողվում է 24 օր դիմադրել թուրքական 4000-անոց բանակի պաշարմանը և առանց կորուստների, ճեղքելով պաշարումը, հեռանալ:
1902-1904թթ. Զորավար Անդրանիկի գլխավորած հայդուկային ջոկատները պարտիզանական մարտեր են մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում: 1904թ Անդրանիկը մասնակցում է Սասունի ապստամբությանը:
Թուրքական իշխանությունների կողմից ապստամբությունը ճնշելուց հետո Անդրանիկը անցնում է Կովկաս, ապա Եվրոպա: Նա տեղի գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը և բացատրում հայերի ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությունը: 1912թ Անդրանիկը բուլղարական աշխարհազորայինների կազմում մասնակցում է Բալկանյան առաջին պատերազմին:
Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես նա վերադառնում է Կովկաս: Ռուսական հրամանատարությունը, հաշվի առնելով Անդրանիկի ցուցաբերած արիությունը, հանձնարարում է նրան ձևավորել և գլխավորել հայ կամավորների գունդը: Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցում է 1915 թվականի ապրիլի 15-18-ին Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին, որով Կովկասը փրկվել է թշնամու ներխուժումից։ Կովկասյան բանակի կազմում նա մասնակցում է Վանի, Բիթլիսի և Մարաշի մոտ մղված մարտերին:
1916թ. ռուսական հրամանատարությունը որոշում է ցրել հայ կամավորների գունդը: Անդրանիկը հեռանում է ռազմաճակատից և անցնում է Հյուսիսային Կովկաս, այնտեղից էլ Արևելյան Հայաստան:
1918թ Անդրանիկը մասնակցում էր Զանգեզուրի պաշտպանությանը:
Նա հրաժարվում է ճանաչել Հայաստանի և Օսմանյան կառավարության միջև կնքված Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը սահմանափակվում էր 12 հազ քառ. կմ տարածքով: Հայաստանի ղեկավարության հետ ունեցած լուրջ տարաձայնությունների պատճառով Անդրանիկը 1919թ ապրիլին զենքը հանձնում է հայոց կաթողիկոսին և հեռանում Հայաստանից:
1922թ Զորավար Անդրանիկը հաստատվում է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ ապրում է մինչև կյանքի վերջ:
Անդրանիկ Օզանյանը մահացել է 1927թ օգոստոսի 31-ին: Նրա վերջին խոսքերն էին. «Ես չհասցրեցի ավարտել իմ գործերը….»: 1928թ հունվարին նրա մասունքները տեղափոխվում են Փարիզ, իսկ 2000թ` Երևան: Այժմ Անդրանիկ Օզանյանի աճյունը ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:
Զորավար Անդրանիկը պարգևատրվել է Բուլղարիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի պետական բարձր պարգևներով և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: