Չնայած զսպվածություն ցուցաբերելու միջազգային հանրության կոչերին` Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը գնալով ավելի է խորանում: Պակիստանն այսօր հայտարարել է հնդկական ռազմական երկու ինքնաթիռ խոցելու մասին` ի պատասխան Հնդկաստանի կողմից իր օդային տարածք ներխուժելուն: Ավելի վաղ հնդկական կողմը ևս հայտարարել էր պակիստանյան ռազմական ուղղաթիռ խոցելու մասին:
Հնդկաստանի և Պակիստանի միջև օդային մենամարտերի համար պատճառ են դարձել փետրվարի 26-ին Հնդկաստանի կողմից Քաշմիրի պակիստանյան հատվածում «Ջեյշ ալ Մոհամմեդ» ահաբեկչական խմբավորման ճամբարին հասցված ավիահարվածները, որոնց հետևանքով, ինչպես պնդում են հնդկական իշխանությունները, քաղաքացիական անձիք չեն տուժել, ոչնչացվել է բացառապես ահաբեկիչների ճամբարը: Նշենք, որ այդ խմբավորմանը Դելին մեղադրում է փետրվարի 14-ին Ջամմու նահանգում և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի հետևանքով զոհվել է 44 հնդկաստանցի ոստիկան և զինվորական:
Օդային այս մարտերի արդյունքում և´ Հնդկաստանը, և´ Պակիստանը փակել են օդային տարածքը միջազգային տարանցիկ ավիափոխադրումների համար. Հնդկաստանը` միայն Պակիստանի հետ սահմանային շրջաններում, իսկ Պակիստանն` ամբողջությամբ: Ավելին, Հնդկաստանն իր բանակը մարտական պատրաստվածության է բերել:
Քաշմիրում Պակիստանի և Հնդկաստանի միջև սահմանային միջադեպերը և լարվածության աճը պարբերական բնույթ են կրում. 2018 թվականին Քաշմիրում զոհվել է ավելի քան 500 մարդ` զինվորականներ, խաղաղ բնակիչներ: Սակայն սա 1971 թվականի պատերազմից հետո առաջին նման էսկալացիան է երկու երկրների միջև, երբ Հնդկաստանն ավիահարվածներ է հասցնում Պակիստանի տարածքին:
Թե ինչքան կշարունակվի այս էսկալացիան, դժվար է ասել: Կողմերը քաղաքական մակարդակում հայտարարում են երկխոսություն սկսելու և լարվածության մակարդակն իջեցնելու անհրաժեշտության մասին, սակայն իրական քայլեր այդ ուղղությամբ դեռևս չեն ձեռնարկում: Գարնանը Հնդկաստանում սպասվում են ընտրություններ և գործող իշխանությունները ստիպված են տեղի տալ Քաշմիրի հարցում առավել ռադիկալ տրամադրված շրջանակներին:
Ամեն դեպքում և´ Հնդկաստանում, և´ Պակիստանում չպետք է մոռանան, որ իրենց ռազմական առճակատումը պայթյունավտանգ է ոչ միայն երկու երկրների, այլ նաև առնվազն ասիական տարածաշրջանի համար. երկու երկրներն էլ տիրապետում են միջուկային զենքի: