ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին այսօր անցել է աշխատանքային պարտականությունների կատարմանը: Նշենք, որ անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի էր ունեցել նորանշանակ դեսպանի երդման արարողությունը:
Ավելի վաղ Լին Թրեյսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ընթացքում հայտնել էր, որ Հայաստանում ԱՄՆ քաղաքականության նպատակը մնում է ինքնիշխան Հայաստանը:
«Մենք ցանկանում ենք տեսնել իր հարևանների հետ խաղաղ գոյակցող ինքնիշխան, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան: Լինելով աշխարհագրական ու մշակութային խաչմերուկներում՝ Հայաստանը մշտապես հավասարակշռել է մրցակցող շահերը, և մենք շարունակում ենք փաստել, որ մեր հանձնառությունն ինքնիշխան Հայաստանն է, որն ազատ է իր գործընկերների ընտրության հարցում»,- ասել է Թրեյսին:
Անդրադառանալով «Թավշյա հեղափոխությանը»՝ դիվանագետն ընդգծել էր, որ շատերի նման ոգևորված է Հայաստանի հեղափոխությամբ: «Այս տարի ապրիլ և մայիս ամիսներին հարյուր-հազարավոր մարդիկ Հայաստանում ոտքի կանգնեցին՝ վճռականորեն, սակայն առանց բռնության պատասխան պահանջելու երկրի իշխանություններից: Շատերի նման, ես էլ սրտապնդվեցի, երբ տեսա իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է Թրեյսին՝ նշելով, որ առջևում Հայաստանին դեռ շատ անելիքներ են սպասում, որպեսզի այս վերջին վեց ամիսների ձեռքբերումները կարողանա ամրապնդել ու ամուր հիմքերի վրա դնել:
Խոսելով Արցախյան հակամարտության մասին` դեսպանը նշել էր, որ խաղաղ կարգավորումը կարևոր է Հայաստանի և Հարավային Կովկասի ավելի ապահով ու բարգավաճ ապագայի համար:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները ջանում է օգնել կողմերին՝ հասնելու խաղաղ բանակցային կարգավորման, որի հիմքում կլինեն ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման իրավունք: Հաստատվելու դեպքում՝ ես կաջակցեմ այս նպատակի ուղղությամբ Վարչակազմի կողմից ձեռնարկվող քայլերին»- նշել է Թրեյսին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն՝ ԱՄՆ դեսպանը նշել է, որ 1915թ. սարսափազդու դեպքերը՝ Մեծ Եղեռնը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր դարձել են տեղահանությունների, կոտորածների ու մահվան երթերի զոհեր, երբևէ չի կարող մոռացվել: «Իմ լիազորությունների սահմանում ես ամեն ինչ կանեմ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու և այդ ծանրակշիռ հանձնառությանը հետամուտ լինելու համար»,- ասել է Թրեյսին, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի հետ հաշտեցման ուղղությամբ առաջընթացը կօգնի կրճատել Հայաստանի մեկուսացումը և թափ հաղորդել երկրի տնտեսությանը:
«Այս նպատակով մենք քաջալերում ենք, որ Թուրքիան ու Հայաստանն ընդունեն և առերեսվեն անցյալի ցավալի տարրերին: Հաստատվելու դեպքում՝ ես իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեմ աջակցելու առավել խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ կերտելու Հայաստանի և Թուրքիայի ջանքերին»,- նշել է դեսպանը:
Լին Թրեյսին 1986 թվականին ավարտել է Ջորջիայի համալսարանը` ԽՍՀՄ ուսումնասիրության գծով ստացել է բակալավրի աստիճան։
1994 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանը և ստացել իրավունքի դոկտորի աստիճան։
2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:
2004-2006 թթ. Աստանայում (Ղազախստան) ղեկավարել է ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը:
2006-2009թթ. Լին Թրեյսին աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգևի: 2008 թ. օգոստոսի 26-ին Լինը հայտնվում է ծայրահեղականների թիրախում: Չնայած նախազգուշացումներին, որ նրա կյանքը վտանգված է` Լին Թրեյսին որոշում է մնալ Փեշավարում։ Եվ հենց այդ քայլի համար էլ 2009 թվականին արժանանում է պետքարտուղարի կողմից «Հերոսության պարգև»-ի (Secretary’s Award for Heroism):
2010-2011թթ. եղել է ԱՄՆ փոխդեսպանն Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում, իսկ 2012-2014 թթ. նշանակվել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում:
2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:
Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է նաև Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում, որի ընթացքում ստացել է «Պատվո մրցանակ» (Distinguished Honor Award) իր դիվանագիտական աշխատանքի համար: