Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատվիրակության անդամներ Անի Սամսոնյանը և Համազասպ Դանիելյանը փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են հայտնել փետրվարի 21-22-ը Վիեննայում տեղի ունեցած ձմեռային նստաշրջանի աշխատանքներից: Նշենք, որ այս կառույցում ներկայացված է 57 երկիր:
Հայկ Կոնջորյանի տեղեկացմամբ՝ պատվիրակությունն ակտիվ աշխատել է ԵԱՀԿ ԽՎ երեք հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստում, ունեցել ելույթներ, ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած և ընթացող գործընթացները:
«Ակնհայտ էր, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը բավական բարձր էր այս հարթակում: Բազմաթիվ պատվիրակություններ և դրանց ղեկավարներ ցանկություն էին հայտնում հանդիպել մեզ հետ, քննարկել, ինչպես նաև տեղեկանալ մեր երկրում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ»,-նշել է բանախոսը:
Պատվիրակության ղեկավարի տպավորությամբ՝ այժմ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կապված է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ, այլև ժողովրդավարության զարգացումներով և համապատասխան ինստիտուտների կայացմամբ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների, մասնավորապես նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունն այդ օրերին ղեկավարած Պիտեր Օսուցկին և շեշտել, որ ընտրություններն անցել են մարդու և ժողովրդավարության հիմնարար իրավունքներին ու ազատություններին համահունչ, իսկ նախկինում եղած ընտրախախտումներն ու արատավոր երևույթները չեն եղել: «Սա հայ ժողովրդի հաղթանակն է»,-շեշտել է նա՝ հավելելով, որ վերջին 20 տարում դա իր տեսած ամենատպավորիչ ընտրությունն է եղել և ինքն ականատես է եղել հայկական հրաշքի:
Անի Սամսոնյանը Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովում խոսել է մամուլի ազատության խնդիրներից: Նա նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ ազատ են, սակայն կան մարտահրավերներ կապված չճշտված լուրերի և ապատեղեկատվության տարածման հետ: Պատգամավորը մտավախություն է հայտնել, որ դրանց դեմ պայքարը կարող է վնասել չորրորդ իշխանության՝ ԶԼՄ-ների աշխատանքին:
ԵԱՀԿ ԽՎ-ում այս հարցով ներկայացուցիչը նույնպես դա գլոբալ խնդիր է համարել և պայմանավորվածություն է ձեռք բերվել միասնաբար գտնել լուծման ուղիներ:
Իր և պատվիրակության անդամների աշխատանքին անդրադարձել է նաև Համազասպ Դանիելյանը, որն աշխատել է Գիտության, տնտեսության, բնապահպանության հարցերի հանձնաժողովում: Այնտեղ քննարկման հատուկ թեմա է եղել կոռուպցիայի դեմ պայքարը, որի առնչությամբ ելույթ է ունեցել նաև հայ պատվիրակը: Մեկ այլ քննարկման անդրադառնալով՝ Համազասպ Դանիելյանը նշել է ֆրանսիացի պատվիրակի հնչեցրած այն տեսակետը, որում նա կարևորել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումներին:
Հայկական պատվիրակության անդամներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել իրենց առաջին այցը, կարևորել կառույցում հետագա աշխատանքը՝ ի շահ մեր երկրի: