Թուրքական իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում, որ մենք այսօր լրջորեն խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս մասին Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, հայտնում է tert.am-ը:
«Թուրքիան շարունակաբար երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ: Քանի այսպիսին է իրավիճակը, լավատեսության հիմք չենք կարող ունենալ՝ չնայած ասում ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների քննարկել այդ հարաբերությունները: Թուրքիան այսօր ունի նախապայման Ղարաբաղի հետ կապված»,- նշեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը:
«Կարող է հարց առաջանալ, թե արդյոք նախապայման չէ՞, երբ ասում ենք՝ Ցեղասպանության ճանաչում: Ցեղասպանության դեմ պայքարը գլոբալ անվտանգության օրակարգի հարց է: Մենք շարունակելու ենք հետապնդել Հայոց Ցեղասպանության ճանաչումը»,- նշեց նա: