Թուրքիայի արևելքում` Կարսում, ավարտվեցին «Ձմեռ 2019» միջազգային զորավարժությունները 15 երկրների` այդ թվում նաև Ադրբեջանի մասնակցությամբ:
Թեմայի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է «Ռազմինֆո»-ի վերլուծաբան Հայկ Խաչիկյանի հետ:
- Պարո´ն Խաչիկյան, կարո՞ղ եք ասել «Ձմեռ -2019»-ի հիմնական նպատակը և գնահատել դրանում Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությունը:
- Դատելով բաց աղբյուրների տեղեկատվությունից, տեսնելով, թե ինչ առաջադրանքներ են իրականացնում` ամենայն հավանականությամբ, սրանք հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ էին` ձմեռային պայմաններում հատուկ լեռնային պատրաստվածության համար:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ադրբեջանի մասնակցությանը, ապա Ադրբեջանից մեկնել է Նախիջևանի առանձին համազորային բանակի ենթակայության տակ գտնվող խմբավորում, որն, ամենայն համանականությամբ, բաղկացած էր Նախիջևանի հատուկ ջոկատայիններից (մոտավոր 20 հոգանոց անձնակազմ և հրամանատարը): Այս առումով բավական հետաքրքիր է, քանի որ այստեղ ականատես ենք լինում, որ Նախիջևանի հատուկ ջոկատայիններն անցնում են լեռնային պատրաստության կուրսեր Թուրքիայում: Սա հատկանշական է նրանով, որ Նախիջևանում գործում է կենտրոն հատուկ ջոկատայինների պատրաստությանը (այս մասին կային կասկածներ, հիմա ավելի ակնհայտ է)` այդ թվում նաև լեռնային պատրաստությանն ուղղված: Երբ ավարտական արարողություն էին իրականացնում, այդ կենտրոնի շրջանավարտների շրջանում նկատվում էին սպաներ Թուրքիայից, որոնք, ըստ էության, այդ կենտրոնում դասավանդողի դերում էին հանդես գալիս:
- Ըստ Ձեզ, ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցությունը ուղղված է միայն հայկակա՞ն պետությունների դեմ, թե՞ այլ նպատակներ ունի:
- Եթե խոսքը գնում է ադրբեջանական բանակի պատրաստվածության մասին, ապա բնական է որ այդ բանակը ցանկացած հնարավորության դեպքում գործելու է հենց հայկական պետությունների դեմ: Կոնկրետ այս օրինակում համագործակցությունը վերաբերում է ռազմական պատրաստությանը, դրա ածանցյալ ճյուղերով` ռազմական առևտուր, տեխնիկական սպասարկում, մատակարարումներ և այլն, որոնք ևս հնարավորության դեպքում մեր դեմ է օգտագործվելու:
Թեև հավանականության տեսությունը հուշում է, որ այլ նպատակների հավանականությունը գոնե ցածր տոկոսով չի կարելի բացառել, սակայն խելամիտ տարբերակը մեզ համար այն է, որ պետք է սպասել վտանգը հենց մեր դեմ: Օրինակ, դժվար է պատկերացնել լեռնային պատրաստության կուրսեր անցած հատուկ ջոկատայիններին Ադրբեջանը էլ որտե՞ղ կարող է օգտագործել, եթե ոչ մեր դեմ:
- Իսրայելական «Աերոնաուտիկս»-ը Ադրբեջանի հետ բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել, և դա այն մեղադրանքներից հետո, երբ նրանց ԱԹՍ-ները կիրառվում են հայերի դեմ: Հայկական կողմն որևէ քայլ ձեռնարկու՞մ է արդյոք նման գործարքների կանխարգելման համար:
- Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջև մաքուր բիզնես է տեղի ունենում: Այստեղ ես չեմ տեսնում Իսրայելի կողմից որևէ քաղաքական մեսիջ կամ մոտիվացիա Ադրբեջանին զենք վաճառելու առումով:
Ու այս պարագայում դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ քայլ պետք է անի ՀՀ-ն, որ իսրայելական ընկերության ու Ադրբեջանի փոխշահավետ գործարքը տեղի չունենա: Իսկ ինչ վերաբերում է «Աերոնաուտիկս»-ի հետ վերջին գործարքին, ապա, ըստ իսրայելական կողմի, հայտարարությունը վերաբերում է Ադրբեջանում արդեն եղած ԱԹՍ-ների սպասարկմանն ու վերանորոգմանը: Առնվազն պետք է հասկանալ, որ նոր ԱԹՍ-ների մատակարարումներ սա չի ենթադրում:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը