ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հաղորդագրություն են տարածել` ամփոփելով փետրվարին տարածաշրջան կատարած այցը:
Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումների շրջանակում քննարկվել են մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ հանդիպման շրջանակում հավանական քննարկվելիք թեմաները:
Հաղորդվում է նաև, որ տարածաշրջանային այցի ժամանակ երկրների ղեկավարները համանախագահներին զեկուցել են հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում իրենց զրույցի մասին: Ղեկավարներն ու համանախագահները քննարկել են իրավիճակն ու հաջորդիվ քայլերի վերաբերյալ իրենց սպասումները:
Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Բացի այդ, նրանք ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները: Ղեկավարներն ընդունել են համանախագահների՝ մոտ ապագայում նրանց հովանու ներքո հանդիպելու առաջարկը: