Սույն թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի Լյուբերեցի շրջանի ժամանակավոր կալանման վայրից անհետացել է թալիշ նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական, Թալիշստանի անկախության պայքարի առաջամարտիկ Ֆախրադդին Աբոսզոդան: Ըստ Amnesty Internaional իրավապաշտպան կազմակերպության տվյալների` փետրվարի 27-ին իրավապահ մարմինների ինչ-որ աշխատակիցներ եկել են ժամանակավոր կալանավայր և ներկայացրել ՌԴ դատախազության կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, համաձայն որի Աբոսզոդան պետք է ազատ արձակվեր: Նրանք թալիշ ակտիվիստին տարել են իրենց հետ, ընդ որում Աբոսզոդայի անձնական իրերը մնացել են կալանավայրում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հաջորդ օրը պետք է կայանար վերջնական դատական նիստ Աբոսզոդայի գործով, սակայն նրա անհետացման հետ կապված նիստը տեղափոխել են մարտի 18-ին: Մինչ Amnesty International կազմակերպությունը ահազանգում էր Աբոսզոդայի անհետացման վերաբերյալ, նրան ուղիղ չվերթով հասցնում են Բաքու: Ֆախրադդին Աբոսզոդան ձերբակալվել է Մոսկվայում 2018թ. սեպտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի հայտով: Ադրբեջանը մեղադրում է նրան 281.2 (հայտարարություններ պետության դեմ) և 283.1 (միջազգային, ռասայական և կրոնական ատելության տարածում) հոդվածներով: Նրան նաև մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ սերտ կապերի մեջ:
Ֆախրադդին Աբոսզոդան Ռուսաստան է տեղափոխվել 1995թ., որտեղ լույս էր ընծայում «Թոլիշ» թերթը: 2005թ. նա մասնակցել է առաջին թալիշագիտական համաժողովին, որը անցկացվել է Երևանում: Պրոֆեսոր, արևելագետ Գառնիկ Ասատրյանը, ով իրեն համարում է թալիշ գործչի և գիտնականի ընկերը, Արմեդիա ՏՎԳ-ի հետ զրույցում պատմում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտով կեղծ գործով Աբոսզոդայի ձերբակալությունից հետո իրենք սպասում էին արդարության վերականգնմանը: Սակայն հույսերը չարդարացան:
«Տեղի ունեցավ վատագույնը` Աբոսզոդան Բաքվում է: Մարդ, ով պետք է դատարանի որոշումով ազատ արձակվեր Ռուսաստանում, բոլոր օրենքների, դատական և իրավական գործընթացների խախտումով հայտնվեց Ադրբեջանում: Չնայած Բաքվի բոլոր ջանքերին, Աբոսզոդայի արտահանձման համար որևէ իրավական հիմք հնարավոր չեղավ գտնել, ինչը չխանգարեց ադրբեջանական իշխանություններին հասնել իրենց ուզածին: Մենք չէինք մտածում, որ Ռուսաստանը կարտահանձնի Աբոսզոդային: Ոչ միայն մենք` նրա ընկերներն ու գործընկերները, այլև թալիշները, թաթերը և այլ ժողովուրդների ներկայացուցիչները չէին մտածում այդպես», - նշել է գիտնականը:
«Տվյալ պատմական փուլում Ֆախրադդինը մարմնավորում է Թալիշական ազգային շարժումը: Հենց ինքը, իր գաղափարախոսությունը, մարտավարությունն ու արժեքների համակարգը: Շարժումը իրողություն է, որը հնարավոր չէ ոչնչացնել: Համոզված եմ, որ թալիշ ժողովրդի բոլոր արժանավոր զավակները կմիավորվեն իրենց առաջնորդի ազատագրման գաղափարի շուրջ: Ուզում եմ, որ Ֆախրադդինն իմանա, որ մեր մտքերը և աղոթքները իր հետ են», - ասում է Ասատրյանը:
Ներկայումս թալիշական շարժման առաջամարտիկի ճակատագիրը ադրբեջանցիների ձեռքերում է: