Վենեսուելայում տիրող քաղաքական ճգնաժամն ավելի պայթունավտանգ է դառնում:
Վենեսուելան այսօր, փաստացի, հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին: Ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն, նախօրեին վերադառնալով Կարակաս, բանակցություններ է սկսել վարել Վենեսուելայի պետական արհմիությունների հետ` կոչ անելով նրանց գործադուլներ սկսել ամբողջ երկրի տարածքով: Գուաիդոյի այս քայլը նպատակ է հետապնդում ավելի խորացնել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, ինչն էլ ըստ նրա` կհանգեցնի Նիկոլաս Մադուրոյի իշխանության տապալմանը:
Սակայն նշենք, որ ներկայումս Վենեսուելայի բնակչությունը բաժանված է երկու ճամբարների: Չնայած կասկածի տակ է դրվում Մադուրոյի իշխանության լեգիտիմությունը, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ բնակչության մի մասն աջակցում է վերջինիս: Ուստի` բռնի կերպով նրան իշխանությունից հեռացնելու դեպքում երկու կողմերի միջև բախումներն, ամենայն հավանականությամբ, անխուսափելի են լինելու:
Բացի այդ, Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներն, ընդհանուր առմամբ, ապակայունացնում են իրավիճակը նաև հարևան երկրներում: Այդ մասին է վկայում ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն փոխանցելու պատճառով Վենեսուելայի և Կոլումբիայի հարաբերություններում ստեղծված լարվածությունը: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով երկու կողմից էլ զոհեր և վիրավորներ եղան, հանգեցրեց նրան, որ Վենեսուելան հայտարարեց Կոլումբիայի հետ դիվանագիտական կապերը խզելու և երկրից կոլումբիացի դիվանագետների մի մասին արտաքսելու մասին: Բացի այդ, Վենեսուելայի իշխանությունները փակեցին նաև Բրազիլիայի հետ սահմանը՝ թույլ չտալով միջազգային օգնության մուտքն այդ սահմանից, ինչը կրկին բախումների առիթ հանդիսանալով` հանգեցրեց մարդկային զոհերի:
Ստեղծված իրավիճակը վտանգներ է ստեղծում նաև Վենեսուելայում և հարևան երկրներում բնակվող հայ համայնքների համար: Բնականաբար, այժմ Հայաստանի համար կարևորագույն խնդիր պետք է դառնա ամենօրյա իրավիճակային զարգացումներն ուշադրության կենտրոնում պահելը և Վենեսուելայի հայ համայնքի հետ կապերի ակտիվացումը:
Նշենք, որ Վենեսուելայում ներկայումս բնակվում է մոտ 4000 հայ: Հայերը Վենեսուելայում սկսել են հաստատվել XX դ. սկզբին: Գաղթել են առավելապես Մերձավոր Արևելքի երկրներից, հատկապես Սիրիայից: Համայնքը ձևավորվել է 1930-ական թթ.-ին: Նրանց զգալի մասը կենտրոնացված է Կարակասում, մնացյալները բնակվում են Կունամա, Մարակայ, Վալենսիա, Բարսելոնա, Պուերտո Լա Կրուս քաղաքներում: Տեղի հայերի զգալի մասն արաբախոս է և իսպանախոս:
Վենեսուելայի հայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում է Գաղութային գործադիր վարչությունը: Համայնքում գործում են ՀՅԴ տեղական կազմակերպությունը, Արարատ հայկական ընկերակցությունը, Տիկնանց միությունը, տարբեր երիտասարդական միություններ, ինչպես նաև շաբաթօրյա վարժարան:
Հայոց հոգևոր հովվության կենտրոնը Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը կառուցվել է 1987թ.-ին և պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների թեմին:
2001 թվականին Կարակասի հրապարակներից մեկում տեղի հայ համայնքի հովանավորությամբ տեղադրվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող: Նշենք, նաև, որ 2005 թ. հուլիսի 14-ին Վենեսուելայի ազգային խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:[1]
Ինչ վերաբերում է Բրազիլիային, ապա ներկայումս բրազիլահայերի թիվը կազմում է շուրջ 100,000, ինչն արձանագրվել է նաև 2015թ. հունիսի 2-ին ԲԴՀ Ազգային կոնգրեսի Դաշնային Սենատի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևում: Նրանք հիմնականում կենտրոնացված են Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Ֆորտալեզայում, Մատո Գրոսոյում, Պորտո Ալեգրեյում: Նրանց մեծ մասը թրքախոս է կամ արաբախոս:[2]
Բրազիլահայ համայնքը ղեկավարվում է իր կանոնադրությամբ: Այսօր Սան Պաուլո քաղաքում գործում է Հայ առաքելական «Սուրբ Գրիգոր» եկեղեցին` Էջմիածնական առանձին թեմի կարգավիճակով: Գործում են նաև Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիները, «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանը, հայկական ծերանոցը, «Արարատ» հիվանդանոցը: Գործում է «Արմենիա Վիվա» հայկական ռադիոժամն ու «Արմենիա» ինտերնետային (www. armenia.com.br) կայքէջը:
Բրազիլիայի հայ համայնքի քաղաքական թևը ներկայացված է ՍԴ Հնչակյան, Ռամկավար Ազատական կուսակցությունների բրազիլական մասնաճյուղերով (ենթարկվում են արգենտինյան համապատասխան վարչություններին), ինչպես նաև ՀՅ Դաշնակցության կոմիտեով:
Բավականին ակտիվ և նախաձեռնող գործունեություն է ծավալում Հայ օգնության միությունը, որի հովանավորության ներքո գործում է նաև հայկական ծերանոցը: 1994 թվականից Սան Պաուլոյում է գործում նաև «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղը:
Անդրադառնալով Կոլումբիային նշենք, որ չնայած երկրում «Արմենիա» անունով քաղաքի առկայությանն, այդ երկրում առանձին հայ համայնք գոյություն չունի: