Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ադրբեջանի համար անշուշտ խոսքը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի և ընդհանրապես ինքնավարության և տարածքային ամբողջականության մասին է. Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ. Խոսքն ինքնորոշման և մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն. «Եվ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր և ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձևը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, և եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները և համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը»,-ընդգծել է նախկին համանախագահը: